AM
18 Ապրիլ 2012 - 08:16 AMT

2012 ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանում կա 65 400 գործազուրկ

2012 ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանում 65 400 գործազուրկ կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Նա նշեց նաև, որ դա կազմում է աշխատանք փնտրողների 83,3 տոկոսը, իսկ նրանց ընդհանուր թիվը 78 600 է:

«Գործազուրկների շարքում գերակշռում են կանայք, որոնք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 70, 7 տոկոսը` 46 300 մարդ, իսկ երիտասարդները կազմում են 22,1 տոկոսը կամ 14 400 մարդ»,-մանրամասնեց բանախոսը:

Արտակ Սիմոնյանը նշեց նաև, որ ապրիլի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 11 262 մարդ, որոնց թիվը տարեսկզբի նկատմամբ նվազել է 8,2 տոկոսով:

«Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2556 աշխատանք փնտրող, որոնցից 1516-ը կանայք են, 747-ը` երիտասարդներ, 50-ը` հաշմանդամներ»,- ասաց Արտակ Սիմոնյանը: