AM
18 Ապրիլ 2012 - 13:44 AMT

Հայաստանն Անսիի փառատոնին ներկայանալու է «20-ամյա անկախ անիմացիայով»

Անսիի (Ֆրանսիա) միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում Հայաստանը ներկայացնելու է վերջին 20 տարվա անիմացիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, հավելելով, որ այն կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» անվանունը: 90-րոպեանոց ծրագրում կընդգրկվեն յուրաքանչյուր հեղինակի մեկական աշխատանք` Գայանե Մարտիրոսյան, Ռոբերտ Սահակյանց, Վրեժ Քասունի, Միքայել Վաթինյան, Արեգ Մկրտչյան, Դավիթ Սահակյանց և այլոք:

Քասունին, ով ներկայացնելու է այդ ֆիլմերը, նշում է, որ ներկաներին մանրամասնորեն բացատրվելու է, թե ինչպիսին է եղել հայկական անիմացիան 90-ականներին, ինչու են անիմատորներն անդրադարձել սոցիալական և քաղաքական թեմաներին, և ինչու արդեն 2000-ականներին թեմաներն ավելի ընդլայնվել են: Քասունին ուրախությամբ նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաշատ անիմացիա ստեղծող երկիրն է, և մենք աստիճանաբար գնում ենք դեպի ոլորտի ինդուստրիա:

ReAnimania-ն հիմնադրումից ի վեր սերտորեն համագործակցել է Անսիի փառատոնի հետ: Փառատոնի ներկայացուցիչները մասնակցել են ReAnimania փառատոնին, իսկ նրանք Հայաստանը ներկայացրել են տարբեր քննարկումներում, միջոցառումներում: Բացի այս ծրագրից, փառատոնի շրջանակում տեղի է ունենալու Ռոբերտ Սահակյանցի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը:

Փառատոնն այս տարի տեղի է ունենալու հունիսի 4-9-ը:

Անսիի միջազգային անիմացիոն փառատոնը հիմնադրվել է 1960 թ-ին և ավանդաբար այն անցկացվում է հունիս ամսին: Մինչ 1998 թ-ը անցկացվում էր 2 տարին մեկ, այնուհետև այն դարձավ ամենամյա: Այն համարվում է աշխարհի ամենահայտնի անիմացիոն փառատոներից մեկը և Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի 4 հովանավորվող փառատոներից մեկը: Այն ունի հետևյալ անվանակարգերը. «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային կամ գովազդային նախագիծ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» և 2002 թ-ից սկսած «Լավագույն ինտերնետային ֆիլմ»: