Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սօսի Գևոնեանի «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի շնորհանդեսը: Այն գրվել Օրորա Մարտիկանյանի «Խոշտանգված Հայաստան» վեպի հիման վրա: PanARMENIAN.Net-ին նախարարությունից տեղեկացրել են, որ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդ Սօսի Գևոնեանի այս նախաձեռնությունը` նշել է, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է պայքարել` ստիպելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Հեղինակ, հրատարակիչ Սօսի Գևոնեանը համառոտ ներկայացրել է «Մինչ հոգիներու աճուրդը» գիրքը: Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ 17-ամյա Արշալույս Մարտիկանյանի գործունեության մասին, ով 1917 թվականի նոյեմբերին հասել էր ԱՄՆ, ապաստան գտել Նյու Յուրքում ապրող մի հայ ընտանիքում: Արշալույսի պատմությունների հիման վրա Նյու Յորքի թերթերում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների, թուրքական վայրագությունների վերաբերյալ նյութեր են տպագրվում, գիրք է հրատարակվում, այնուհետև ֆիլմ է նկարահանվում և ցուցադրվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում:
ԱՄՆ-ում ստեղծվում է «Հայ և Սուրիացիներու Նպաստամատոյց Ամերիկեան Կոմիտէ», որի կազմակերպած դրամահավաքի արդյունքում հավաքված միջոցներն ԱՄՆ հյուպատոսարանների և հայ միսիոներների միջոցով ուղղվում էին Օսմանյան կայսրության հայերի կարիքները հոգալու համար:






