Գալիք ընտրություններում «Ժառանգության» նախընտրական ծրագրի նպատակը նոր Հայաստանի ստեղծումն է: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Իշխանափոխությունը դեռևս խնդրի լուծում չէ, անհրաժեշտ է համակարգի փոփոխություն»,-ընդգծել է նա:
Սաֆարյանը քննադատել է երկրում ներկայումս տիրող իրավիճակը և հավելել, որ ըստ «Ժառանգության», շեշտը պետք է դրվի մարդու իրավունքների, երկրի ինքնիշխանության և ազգային շահերի վրա: « Ժառանգության» ծրագիրը վերաբերում է այնպիսի Հայաստանի, որտեղ ոչ թե քաղաքացին է պետության համար, այլ պետությունն է քաղաքացու համար»,-ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է լրագրողների այն դիտողությանը, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերն էլ նման են, «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը խոստովանել է դա, սակայն ճիշտ ընտրության համար նա հասարակությանը խորհուրդ է տվել համեմատել կուսակցության հայտարարությունները նրա գործողությունների հետ: «Բառերն ու խոսքը երբեմն խիստ տարբերվում են»,-նկատել է նա:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:
Ընտրությունների նախօրեին «Ժառանգությունը» միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության` «Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչները ներառվել են «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:






