Երեկ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ Արցախի պետական կամերային նվագախմբի հերթական համերգը։ Այս անգամ այն նվիրված էր Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին եւ արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Համերգի երգացանկում ընդգրկված էին հայ միջնադարյան քնարերգուների ստեղծագործությունները` Մեսրոպ Մաշտոցից մինչեւ Սայաթ-Նովա:
Կամերայինի նվագակցությամբ շարականներ երգեց Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի (սոպրանո) Իրինա Զաքյանը: «Արդեն 7-րդ անգամն է, ինչ հանդես եմ գալիս արցախյան հանդիսատեսի համար: Այստեղ հանդիսատեսը շատ ջերմ է, ինչն էլ շատ ոգեւորող է»,-karabak-open.info-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել երգչուհին:
Եղեռնի զոհ դարձած արեւմտահայ գրողներ Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի,Գրիգոր Զոհրապի եւ Դանիել Վարուժանի հիշատակին էր նվիրված երեկ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը, որի ընթացքում գրադարանի ակտիվ ընթերցողներն ասմունքել են վերոնշյալ գրողների ստեղծագործություներից։






