Արցախի մայրաքաղաքում ապրիլի 27-ին կկայանա ռուս ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը:
Ինչպես գրում է «Կովկասյան հանգույցը», ֆիլմում անդրադարձ է կատարվում ղարաբաղյան թեմային: Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցադրությունը նվիրված է մայիսի 9-ի եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվան, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձին և Շուշի քաղաքի ազատագրման օրվան:
Նախարարությունից հաղորդել են, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Արցախի Երիտասարդության պալատում:
«Եթե բոլորը…» ֆիլմի սյուժեն, որը նկարահանվել է երկու տարվա ընթացքում, ներկայացնում է կյանքը ղարաբաղյան հակամարտությունից հետո, ֆիմում գործողությունները ծավալվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
Ֆիլմը ստեղծվել է Time production ընկերության կողմից, որի հիմնադիրն է սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 27-ին:






