AM
20 Ապրիլ 2012 - 13:12 AMT

Կազմակերպիչները գոհ են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի արդյունքներից

Հայստանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը, որն այսօր մամլո ասուլիսում ամփոփեցին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, և ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Դեսպանը ուրախությամբ նշեց, որ Ֆրանկոֆոնիայի սեզոնն այս տարի շատ բազմազան էր, և ընդգրկեց ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև Հայաստանի մարզերը: Նրա խոսքով, շատ ակտիվ էին Լոռին և Սյունիքը, որտեղ բավական խորն է արմատավորվել ֆրանսերենը: Նա նաև ասաց, որ միջոցառումներն այս տարի հասան ռեկորդային քանակի, սակայն նպատակը միայն միջոցառումների քանակը չէ, այլև տարեցտարի միջոցառման շուրջ ավելի շատ մարդ համախմբելն է:

Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշեց, որ Հայաստանը ոչ միայն ամենից շատ միջոցառում կազմակերպած երկիրն է, այլև շատ մեծ աջակցություն է ստանում պետության կողմից: Լավագույն միջոցառումների շարքում նախարարի խորհրդականը նշեց Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը, Բրյուսովի անվան համալսարանում բացված գիտաժողովը և այլն: Նա նաև ասաց, որ սեզոնը մեծ քանակով հանդիսատես ունեցավ:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվեց ապրիլի 13-ին: Սեզոնի շրջանակում ելույթ ունեցան ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, շվեյցարական Aliose, ֆրանսիական «Կատել» և «Պո» խմբերը և այլոք: