Գնալով Արցախի զբոսաշրջիկների թիվն աճում է։ Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրել է, որ անցյալ տարի զբոսաշրջիկների թվի 42-տոկոսյա աճ է գրանցվել։ Այս թվի մեջ ներառված չեն Հայաստանից այցելուների մասին տվյալները:
Ինչպես նշել է վարչապետը, 2012 թվականին ևս զբոսաշրջիկների թվի մեծ աճ է ակնկալվում, նշել է վարչապետը, տեղեկացնելով, որ այս տարի ՀՀ պետական ապարատի աշխատողները, ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ վերջիններս մատչելի գներով էին հանգստանում Արցախում, այս տարի՝ սոցիալական փաթեթի շրջանակներում կհանգստանան պետբյուջեի հաշվին։ Այդ հանգիստն առավել արդյունավետ կազմակերպելու համար առաջարկ է եղել նաև տեղում կազմակերպել հանդիպումներ ղարաբաղյան գործընկերների հետ։
Հայաստանից և մյուս երկրներից Արցախ այցելող զբոսաշրջիկների հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն ակտիվ մշակութային կյանք կապահովի, իսկ զբոսաշրջության վարչությունը՝ տեսարժան վայրերի այցելության առավել գրավիչ ծրագիր։
Այս տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին կնպաստեն նաև մայիսին նախատեսվող Եռատոնի միջոցառումները և ամռանը կայանալիք նախագահական ընտրությունները, հաղորդում է Karabakh-open.info-ն: