ArmBookExpo ցուցահանդեսի օրերին առանձնակի մատուցմամբ Գաֆեսճյան թանգարանի «Արծիվ» սրահում ներկայացվելու է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով ստեղծագործություններն ու հրատարակությունները: Միասնաբար ցուցադրվելու են տարբեր թանգարաններում պահվող էպոսյան թեմայով մշակութային արեժեքները, հնարավորություն ընձեռելով այցելուին ամբողջության մեջ տեսնելու հայ վիպերգության գլուխգործոց էպոսն արվեստի տարբեր ճյուղերում: ArmBookExpo-ն բացվելու է ապրիլի 21-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. ցանկում ներառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի հայտը, որի քննարկումները կկայանան ընթացիկ տարվա նոյեմբերին:
«Սասնա ծռեր կամ «Սասունցի Դավիթ» էպոսն իր մեջ ներառում է ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Լինելով բանահյուսական առանձին ժանր` իր մեջ ամփոփում է ժողովրդական բանահյուսության գրեթե բոլոր ժանրերը, ասացվածքները, օրհնանքներն ու անեծքները, սգերգերը, սիրերգերը, առնչվում է ժողովրդական երաժշտարվեստի, պարարվեստի, արհեստների, պատմության, կենցաղի, բնության և տիեզերքի մասին պատկերացումների, ընտանեկան ու հասարակական հարաբերությունների, ազգային մտածելակերպի, վարքի կանոնների հետ: Էպոսն ունի աղբյուրագիտական նշանակություն լեզվագիտության` լեզվի, բարբառների ու խոսվածքների ծագման ու զարգացման, պատմագիտության, ազգագրության, հասարակագիտության, դիվանագիտության, բնակավայրերի ստեղծման և տեղանունների ստուգաբանման համար: Այն պարունակում է ազգային խորհրդանշանների մի ամբողջ համակարգ, հետևաբար պատասխան ունի ժողովրդական արհեստներում և դեկորատիվ կիրառական արվեստում կիրառվող բազմաթիվ խորհրդանշանների ու զարդանախշերի իմաստային նշանակության վերաբերյալ:
Էպոսը ներշնչման աղբյուր է ժամանակակից արվեստի բոլոր բնագավառների համար: Չկա արվեստի մի ուղղություն, որով ստեղծված չլինեն էպոսի թեմայով ստեղծագործություններ: