Երգիչ Սուրեն Առուստամյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Մոսկվայից հայտնեց մրցույթի հայաստանյան կողմի մամլո պատասխանատու Մհեր Բաղդասարյանը:
Երևանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 4-ին և 5-ին, իսկ եզրափակիչ փուլն անցկացվել է ապրիլի 20-ին և 21-ին` Մոսկվայում:
Սուրեն Առուստամյանի հետ մրցույթի ուղեգիր նվաճելու համար պայքարում էին Լուսինե Աղաբեկյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Մերի Մնջոյանը:
Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք:
2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:






