Այսօր` ապրիլի 23-ին, Երևանի Տերյան-Մոսկովյան խաչմերուկի հարակից տարածքում բացվեց ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» բրոնզաձույլ քանդակը: Քանդակագործը լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ 3-մետրանոց արձանը հայոց հաղթանակների խորհրդանիշն է, և Մշո ճառընտիրի փրկության կոթողայնացումն է: Երևանցին արձանի վրա աշխատել է 2 տարի:
Այն ձուլվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, մոսկվաբնակ Արթուր Ջանիբեկյանի հովանավորությանբ: Արձանի ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:
Արձանի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստնում այս օրերին գտնվող օտարերկրյա պատվիրակություններ: «Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթն է, և ստեղծվել է 1200-1202 թ-ին Երզնկայի Ավագ վանքում` Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով: Այն ունի 660 թերթ, 28 կիլոգրամ քաշ:
Այն հափշտակել էր Բաբերդի այլազգի դատավորը, և 2 տարի անց 4000 արծաթով վաճառել Մշո Առաքելոց վանքին: Եղեռնի ժամանակ երկու հայ կանայք այն բաժանել են երկու մասի, և բերել Հայաստան: Այժմ գրքի 601 էջը պահվում է Երևանի Մատենադարանում, իսկ 17 էջ` Վենետիկում:






