AM
24 April 2012 - 11:16 AMT

Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 47-րդ քայլարշավն է տեղի ունեցել

Միացյալ Թագավորությունում բրիտանահայ համայնքը և եկեղեցական խորհուրդը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցել են Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը հղելով ՄԹ իշխանություններին:

Սա արդեն 47-րդ քայլարշավն է. այն կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից (CRAG): 800-ից ավել մասնակիցներից բաղկացած քայլարշավը գլխավորում էին Հայ Առաքելական Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Անցնելով Լոնդոնի Փիքադիլի և Թրաֆալգար հրապարակներով՝ քայլարշավն ավարտվել է Ուայթհոլ փողոցի կենտրոնում, որտեղ գտնվող 1-ին և 2-րդ Համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ են դրվել:

Այնուհետև ԲՀԵԽ ներկայացուցիչները ուղևորվել են դեպի ՄԹ վարչապետի նստավայր և հայ համայնքի անունից հանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիրը: Ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Պատարագ և հոգեհանգստի արարողություն, որից հետո ԲՀԵԽ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին: