Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իր քրոջ` դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ ելույթ է ունենալու Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Ինչպես հայտնում է Delano.lu-ն, սիրված երաժիշտները Լյուքսեմբուրգի երաժշտասերների առաջ ներկայանալու են Բեթհովենի ջութակի 9-րդ սոնատով և Բախի 2-րդ պարտիտայով:
Վերը նշված երկու ստեղծագործություններն էլ համարվում են բարդ ջութակահարի համար: Օրինակ, Բախի ստեղծագործությունը ջութակահար Ջոշուա Բելն անվանում է «ոչ միայն երբևէ գրված լավագույն ստեղծագործություններից մեկը, այլև մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից մեկը»:
Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Ռիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ տարին մի քանի անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երևանյան Վերադարձի փառատոնին։