AM
26 Ապրիլ 2012 - 08:17 AMT

Կարծում եմ, գրականությունն օգնում է Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում

(?) Տիկին Արսլան, հայ ընթերցողներին ներկայացվում են Ձեր գրքերը` հայերեն թարգմանությամբ, ի՞նչ եք այսօր զգում

(!)Ես կրկնակի երջանիկ եմ, քանի որ հայերեն թարգմանված գրքերիս շնորհանդեսը համընկավ Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ: Ես մեծ սիրով մասնակցեցի Մատենադարանում կայացած բացման արարողությանը: «Արտույտների ագարակը» թարգմանվել է 200 լեզուներով, իսկ «Զմյուռնիայի ճանապարհը» առաջին անգամ է թարգմանվում:

(?)Այդ երկու գրքերից ո՞րն եք ավելի շատ կարևորում

(!)Երկուսն էլ: Պարզապես «Արտույտների ագարակը» իմ ընտանիքի պատմությունն է, իսկ «Զմյուռնիայի ճանապարհը» ավելի ընդգրկուն է: Այն պատմում է ոչ միայն Օսմանյան կայսրությունում ապրող հայերի, այլև հույների և ասորիների մասին: Իմ կարծիքով, այն ավելի հասկանալի է, քան առաջին գիրքը և ավելի կարևոր:

(?)Դուք շատ եք դասախոսություններ կարդում տարբեր երկրներում: Ի՞նչ թեմաներով են դրանք

(!)Եկող ամիս ես գնալու եմ ԱՄՆ՝ Վաշինգթոնում և Դեթրոյթում դասախոսություն եմ կարդալու հենց իմ գրքերի վերաբերյալ: Իմ դասախոսությունները հիմնականում Հայոց ցեղասպանության մասին են: Մեծ ուշադրության եմ արժանացնում նաև վերջին տարիներին Նոր Ջուղայում խաչքարերի ոչնչացման փաստերը:

(?)Իտալիայում շատե՞րը գիտեն Հայոց ցեղասպանության մասին

(!)Այո, մի քանի տարի առաջ Իտալիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, իսկ հիմա նույնիսկ փոքր գյուղերում գիտեն դրա մասին: Կարծում եմ, գրականությունն, առհասարակ, իր դերը կատարում է, Եղեռնը ճանաչելի դարձնելու գործում:

(?)Ի՞նչ եք մաղթում Ձեր հայ ընթերցողներին

(!)Ցանկանում եմ, որ նրանք իմ գիրքը կարդան նույնքան հաճույքով, ինչպես որ ես գրել եմ դրանք: