AM
26 Ապրիլ 2012 - 09:10 AMT

Անտոնիա Արսլանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպման ընթացքում անվանի գրող, հրապարակախոս, Պադուայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը` գրականության ասպարեզում ներդրած ավանդի և մեծագույն ձեռքբերումների համար (հրամանագիր N ՆՀ-202-Ա, 09.09.1010 թ.): Մեծանուն գրողը շնորհակալությամբ ընդունեց պարգևը և ասաց, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանում է և հավելեց. «Այստեղ ես ինձ Հայաստան երկրի մասնիկն եմ զգում»: Անտոնիա Արսլանը նախարարի հետ զրույցում նաև հայտնեց, որ այս տարի հունվարին Իտալիայում լույս է տեսել «Մշո գիրքը» խորագրով «Մշո ճառընտիրին»` հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանի փրկությանը նվիրված վեպը, որը երեք ամսում ունեցել է չորս հրատարակություն: Ի պատասխան նախարարն առաջարկեց ձեռնամուխ լինել գրքի հայերեն թարգմանությանը, որը նույնպես կտպագրվի պետական ֆինանսավորմամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Անտոնիա Արսլանը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնակատարություններին, ինչպես նաև Հայոց եղեռնին նվիրված` իր հեղինակած «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի հայերեն թարգմանության հրատարակությունների («Զանգակ» «Սահակ Պարթև» հրատ.) շնորհանդեսի կապակցությամբ: Հեղինակը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացված այս հրատարակությունները գրասեր հանրությանը ներկայացրեց ապրիլի 23-ին ArmBookExpo ցուցահանդեսի շրջանակում` Գաֆէսճէան արվեստի կենտրոնում: Անտոնիա Արսլանի վեպերի հայերեն թարգմանության հեղինակն է բ.գ.դ., Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը:

Ի տարբերություն «Արտույտների ագարակը» վեպի, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել տարբեր լեզուներով, «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը աշխարհում առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար: