AM
26 Ապրիլ 2012 - 09:26 AMT

Իրինա Գասպարյան. Ասորական համայնքի խնդիրները պատճառ եղան, որ ընդունեմ ՀԴԿ-ի առաջարկը

«Որպես ՀՀ քաղաքացի և ազգային փոքրամասնություն աչքի չեմ ընկել, որովհետև քաղաքականության մեջ չեմ եղել, բայց ասորական համայնքի խնդիրները պատճառ եղան, որ ընդունեմ ՀԴԿ-ի առաջարկը համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀԴԿ ԱԺ համամասնական պատգամավորի թեկածու, Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին` նա նշեց, որ մարզեր կուսակցություների այցելություններին ոչ ոք չի խոչընդոտում, բայց ժողովրդի հետ հանդիպումներում երբեմն խնդիրներ են ունենում. «Իշխանական կուսակցությունների շտաբերը, որոնք գտնվում են մարզերում, հետևում են, թե ով է գնում հանդիպումներին, իսկ դպրոցների ու գյուղապետարանների աշխատողներն ընդհանրապես, անկախ իրենց կամքից գրանցված են ՀՀԿ-ում, որոնց սպառնում են բավարար ձայներ չբերելու դեպքում ազատել աշխատանքից: Նման օրինակները շատ ենք, և բոլորն էլ իրականացվում են իշխանական կուսակցությունների կողմից»:

Նրա ներկայացմամբ՝ ՀԴԿ-ի նպատակն է հասնել սահամանադրական փոփոխությունների, քանի որ Հայաստանը սահմանադրական երկիր է, և պատասխանատու է յուրքանչյուր քաղաքացու համար: