AM
26 Ապրիլ 2012 - 13:13 AMT

«Թատրոն ԻՔՍ»-ը սկսել է մարզային փուլը

Սկսվել է «Թատրոն-ԻՔՍ» հինգերորդ հանրապետական փառատոնի մարզային փուլը: Այդ կապակցությամբ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց փառատոնի պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանի հետ: Նրա խոսքով, փառատոնի ղեկավարությունը և մասնագետներից բաղկացած հանձնաժողովն արդեն եղել են Արտաշատում, Հրազդանում և Գյումրիում, և պատրաստվում են այցելել Կապանի, Ալավերդու, Վանաձորի և այլ քաղաքների թատրոններ: Բարսեղյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի մարզերում նկատելի ավելացել է հանդիսատեսի ակտիվությունը, շատացել են ներկայացումներից հետո կազմակերպվող քննարկումները, ներկայացումների որակն է բարձրացել:

«Թատրոն ԻՔՍ» հանրապետական հինգերորդ փառատոնը սկսվել է ապրիլի 2-ին UP թատերախմբի Ն. Գոգոլի «Քիթը» (ռեժիսոր Սամսոն Մովսեսյան) ներկայացմամբ, և կշարունակվի մինչև մայիսի 3-ը: Փառատոնին մասնակցում են հանրապետության և ԼՂՀ 30 թատրոններ և թատերախմբեր:

Փառատոնի գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: