Աբխազիայի պետական հեռուստատեսությունը Շուշիի ազատագրման 20-ամյակի նախօրեին փաստավավերագրական ֆիլմ է պատրաստում Արցախի մասին: Ինչպես հաղորդում է Karabakh-open.info-ն, աբխազ հեռուստալրագրող Ռոբերտ Ջոպուան ասել է, որ Աբխազիայում Ղարաբաղի մասին մարդիկ միայն լսել են, բայց քչերն են տեսել, անգամ հեռուստատեսությամբ:
«Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձն ուղղակի առիթ է Արցախի մասին մոտ 30 րոպեանոց փաստավավերարագրական ֆիլմ նկարելու համար: Ֆիլմում չի խոսվի քաղաքականության մասին: Փոխարենը ցույց ենք տալու, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում, ինչպիսին է բանակը, մշակույթն ու պատմությունը»,- ասել է Ռոբերտ Ջոպուան:
Ֆիլմի օպերատոր Հակոբ Քուշյանը համոզված է, որ ֆիլմը ստացվելու է: «Չնայած ընդամենը երեք օր ենք այստեղ, բայց այն, ինչ հասցրել եմ նկարել ու դեռ կնկարեմ, բավական է Աբխազիայում Արցախի մասին ինչ-որ պատկերացում ստեղծելու համար»,- համոզված է Քուշյանը:
Ֆիլմը, ամենայն հավանականությամբ, կցուցադրվի մայիսի 8-ին կամ 9-ին:
Խոսելով Աբխազիայի և Ղարաբաղի նմանությունների ու տարբերությունների մասին` Ջոպուան ասել է. «Նմանությունը թերևս այն է, որ երկու պետություններն էլ պատերազմ են տեսել, և երբ ինձ Շուշիի ազատագրման մասնակից ազատամարտիկն ինչ-որ բան է պատմում, ես նրան իրոք հասկանում եմ: Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա դրանք Ղարաբաղի օգտին են: Այստեղ մարդիկ ավելի աշխատասեր են, քաղաքաշինությունն ավելի արագ տեմպերով է զարգանում, ինչին մեծապես, հավանաբար, Սփյուռքն է աջակցում: Ապրանքներն այստեղ ավելի էժան են…»:
Միակ դժվարությունն, ըստ լրագրողների, չափազանց երկար ճանապարհն է: Նրանք վստահեցրին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացվելու դեպքում մեծ հաճույքով հաջորդ անգամ օդանավով կգան:
Այն հարցին, թե տեղյակ են, արդյոք, որ Արցախ այցելելու համար Ադրբեջանում հավանաբար իրենք ոչ ցանակալի անձ կհայտարարվեն, Ռոբերտ Ջոպուան ասել է, որ ինքը մոտ ժամանակներս չի պատրաստվում Ադրբեջան գնալ: «Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մեծ բան կկորցնեմ, եթե ինձ արգելեն այցելել Ադրբեջան»,-եզրափակել է հեռուստալրագրողը: