ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Իրանում, Թեհրան այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին: ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք նշվել է՝ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու բարձր ղեկավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ամռանը Երևանում: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր են փոխանակվել իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, իսկ Հայաստանի արտգործնախարարն իր հերթին իրանցի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում: