Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաև հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցությանը:
ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները և բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և համայնքային կառույցների ղեկավարների հետ: