«Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի ապրիլի 29-ի հերթական ժողովի գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն է եղել: Այս մասին PanARMENIAN-ին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրել է 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նա համոզված է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունը ավելի տեսանելի է դարձրել Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:
Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատել են, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/: Ակտիվի ժողովն առաջարկել է այդ հարցի հետ կապված ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):






