ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ` վերջինիս Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր Երևանում կազմակերպել էին համաժողով, որի ընթացքում քննարկվել են պրոբացիայի միջազգային չափորոշիչները, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրների լավագույն փորձը: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել միջազգային չափորոշիչները` օգնելու ուրվագծել պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեսլականը Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության կառուցվածքի վերաբերյալ:
«Պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի ցանկում: Հավատացած ենք, որ այս կարևոր մարմինը կնպաստի քրեակատարողական ծառայության վերականգնողական և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:
Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոնը, որը հանդես էր եկել որպես հիմնական զեկուցող, ներկայացրել է պրոբացիայի եվրոպական ծառայության համակարգերի զարգացումը և պրոբացիոն աշխատանքի հիմնական սկզբունքներն ու վարքականոնը: Նա նաև անդրադարձել է պրոբացիայի եվրոպական մոդելի օրենսդրական հիմքերին և պրոբացիոն ծառայության համակարգերի կազմակերպման հարցերին:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելել է. «Պրոբացիայի բացակայությամբ չեն կարող պատշաճ գործել ո՛չ քրեակատարողական հիմնարկները, ո՛չ պայմանական վաղաժամկետ ազատման և ո՛չ էլ այլընտրանքային պատիժների համակարգերը։ Հայաստանը բավականին ուշացել է այս ծառայության ներդրման հարցում, սակայն մենք հուսով ենք, որ աշխարհի առաջատար մասնագետների ներգրավումը թույլ կտա հնարավորինս կարճ ժամանակահատվածում կողմնորոշվել Հայաստանի քրեկան արդարադատության համակարգի համար առավել արդյունավետ մոդելի ընտրության հարցում և ձեռնամուխ լինել դրա ներդրմանը»։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, նախարարության քրեակատարողական վարչության, Իրավաբանական դպրոցի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և թեմայով հետաքրքրվող գիտահետազոտական շրջանների ներկայացուցիչներ:






