Ապրիլի 30–ին աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը: Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին. Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը. համերգին մասնակցում էր նաև ֆրանսահայ դուդուկահար Լևոն Մինասյանը: Մինչ կեսգիշեր ջազի սիրահարներն ունկնդրել են ջազային մեկնաբանություններ, հայկական ու համաշխարհային հանրահայտ ստեղծագործություններ:
1800-ականներից Ամերիկայի Նյու Օռլեան քաղաքից ջազը տարածվեց ողջ աշխարհում և միայն նախորդ տարվա վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովը Ջազի միջազգային օր հայտարարեց ապրիլի 30-ը. հենց ապրիլին է ջազի հայրենի քաղաքում ընթանում ջազի ամենամյա ամիսը:
Համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ջազի միջազգային օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը անցյալ նոյեմբեր ամսին:






