ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կանադահայոց թեմի առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հռչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկել են Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երևանից Կանադա են մեկնել երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները:
Միջոցառման պատվավոր հյուր՝ ԱՄՆ-ում և Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը և գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ է արել մշտապես միասնական գործել՝ ի փառս հայրենիքի և հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ է արել բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին և հաղթանակներին:
Մոնրեալում երկու համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բուռն խանդավարությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում և Վանքուվըրում: