AM
2 Մայիս 2012 - 08:59 AMT

Արման Մուշեղյան. Սոցիալական ծրագիրը միայն կենսաթոշակներն ու նպաստները չեն

«Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որտեղ չեն բախվում նեղ անձնական, նեղ կուսակցական շահեր: Հենց այդ պատճառով էլ ես ներգրավվել եմ հենց այս կուսակցության համամասնական ցուցակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ 2012 ընտրությունների «Ժառանգության» համամասնական ցուցակով ներկայացված, անկուսակցական Արման Մուշեղյանը:

«Ես ցանկացա դնել իմ թեկնածությունը: Դրա դիմաց ինձանից ոչինչ չպահանջեցին: Ես մինչ այդ էլ զբաղվել եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավուքնների պաշտպանությամբ: Դրանից հետո էլ շարունակելու եմ դրանով զբաղվել»,- նշեց նա:

Արման Մուշեղյանը, խոսելով «Ժառանգության» սոցիալական ծրագրի մասին, ասաց, որ մարդիկ, ասելով սոցիալական ծրագիր, պատկերացնում են միայն կենսաթոշակներ և նպաստներ. «Ես առաջին հերթին զբաղվելու եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերող օրենքի մշակմամբ: Անցյալ անգամ նմանատիպ օրենքը, բարեբախտաբար, չանցավ: Այն մշակվել էր այնպես, կարծես հաշմանդամություն ունեցող մարդկանցից պետք է պաշտպանվել, նրանք ընդունվում էին որպես բեռ»:

Թեկնածուն կոչ արեց քաղաքացիներին ընտրություն կատարելուց առաջ կենտրոնանալ կուսակցությունների գաղափարական հենքի վրա, այլ ոչ թե անձանց: