AM
2 Մայիս 2012 - 09:36 AMT

Գալուստ Սահակյան. Եթե հասարակությունը պատերազմ չի ուզում, պետք է ընտրի Հանրապետականին

«Եթե հասարակությունը պատերազմ չի ուզում, պետք է ընտրի Հանրապետականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ եթե պատերազմ լինի, հասարակությունը կրկին հույսը դնելու է Հանրապետականի վրա:

Նա նաև անդրադարձավ ՀՀԿ քարոզարշավին՝ նշելով, որ ի տարբերություն մյուս ուժերի, իրենք խոստումների ճանապարհով չեն գնում. «Մեզ պետք չի ոչ արդարանալ, ոչ էլ գլուխ գովել»:

Բանախոսը նաև հերքեց լուրերն այն մասին, թե Հանրապետականը մարդկանց ստիպողաբար բերում է իր հանրահավաքներին: Ըստ նրա՝ հիմա անհնար է մարդկանց ստիպողաբար բերել հանրահավաքի:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):