AM
2 Մայիս 2012 - 10:08 AMT

PR մասնագետ. Քարոզարշավի ընթացքում եղել են ելույթներ, բայց ոչ շփումներ

Քարոզարշավի ընթացքում եղել են ելույթներ, բայց ոչ շփումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ հիմնականում այսպես կոչված «դռնից դուռ» տեխնոլոգիան հատուկենտ են օգտագործել:

«Մարդիկ արդեն հոգնել են, երբ նրանց տանում լցնում են տարբեր գյուղերի ու քաղաքների հրապարակներ, ու այդ ինֆորմացիան երեկոյան հեռուստացույցով ցույց են տալիս», – ասաց Կարեն Քոչարյանը:

Բանախոսի համոզմամբ` աշխարհում քարոզարշավներում կիրառվող հայտնի PR տեխնոլոգիաները Հայաստանում չեն օգտագործվել, այլ «մնացել են հին, 90-ակաների սկզբին օգտագործվող տեխնոլոգիաների հույսին»:

Անդրադառնալով կուսակցությունների քարոզարշավի գրագիտությանը` «SPRING» PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մշակված քաղաքական հայեցակարգ չկա: «Մի ռեպորտաժում, որը հատկացված էր մեկ քաղաքական ուժին, ցույց էին տալիս այդ օրվա ելույթները` գրեթե նույն նախադասություններով, այսինքն` տարբերություն չկար»,- նշեց Նվարդ Մելքոնյանը:

Մասնագետը նաև ասաց, որ երիտասարդ սերունդին ուղղված կուսակցությունների ուղերձները տարանջատված չէին տարեցներին ուղղված ուղերձներից: