Սերժ Սարգսյանը երեկ`Աբովյանում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ՀՀԿ-ն այնտեղ մեծամասնական ընտրակարգով սատարում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Սա ուշագրավ է այնքանով, որ այս ընտրատարածքում Ծառուկյանը միակ թեկնածուն է, և ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ս. Սարգսյանն ուրիշի չէր էլ կարող սատարել: «Ժողովուրդը» գրում է, որ Սարգսյանի այս հայտարարությունն այլ ենթատեքստ է պարունակում, նախընտրական այս շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջև բավական մեծ լարվածություն է առաջացել դեռ ավելին, ԲՀԿ-ն սկսել է Հայ ազգային կոնգրեսի ու ՀՅԴ-ի հետ համագործակցել ընտրակեղծիքների դեմ պայքարում: Ու հիմա Ծառուկյանին սատարելու մասին հայտարարություններով Ս. Սարգսյանն իրականում ցանկացել է վարկաբեկել ԲՀԿ-ին` այդպես ցույց տալով որ կոալիցիոն գործընկերների միջև որևէ տարաձայնություն չկա, իրենք հաշտ ու համերաշխ են, իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր պահվածքը պարզապես նախընտրական խաղ է` ժողովրդի համակրանքը շահելու համար: Ի դեպ, թերթը նշում է, որ ի տարբերություն Մաշտոցի պուրակում Սերժ Սարգսյանի պահվածքի` Աբովյանում արված նրա հայտարարությունն ավելի էֆեկտիվ է:






