Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության կողմից տուգանվել է մայիսի վերջին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու համար: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերին: Հայաստանը պետք է մուծի մրցույթի մասնակցավճարը, ինչպես նաև պետք է վճարի այդ վճարի 50%-ը՝ որպես տուգանք: Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պետք է մրցույթի եզրափակիչը հեռարձակի ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Նման որոշում կայացվել է Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի կարողացել հայտնել Հայաստանի մասնակցավճարի չափը: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթի մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել:
«Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – նշել է նա: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին: Մամուլի ասուլիսի ժամանակ, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի նման քայլը «Խորհրդի կանոններին չի համապատասխանում»: