Թե որքան կտուգանվի Հայաստանի Առաջին ալիքը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու համար, գաղտնի է պահվում: Այդ թեմայի շուրջ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համակարգող Ջարմո Սիիմի հետ, որն ասաց, որ դա առհասարակ չի հրապարակվում, այլ մնում է միայն հեռուստաընկերության և EBU-ի միջև:
Սիիմը նաև նշեց, որ վերջնական որոշում EBU-ն չի կայացրել Հայաստանին տուգանելու մասին, այլ միության ռեֆերենտային խումբն առաջարկել է դա անել: Այնուամենայնիվ, համակարգողի խոսքով, օրենքի համաձայն Հայաստանը պետք է տուգանվի:
Համաձայն օրենքի, որոշակի ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, և հետո հրաժարվել է մասնակցությունից, տուգանվում է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մրցույթն ամբողջովին չհեռարձակելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթին մասնակցելու իրավունքից, Սիիմն ասաց, որ դա պարզ կլինի վերջնական որոշումից հետո:
Այս տարի հունվարի 17-ին մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրեց մրցույթի մասնակից 43 երկրների ցուցակը, որոնց թվում նշված էր նաև Հայաստանը: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել էր, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:
Այնուհետև Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին:
Մինչ միության սահմանած վերջնաժամկետը, մրցույթին հրաժարվեց մասնակցել Լեհաստանը, նա տուգանք չի մուծի: