AM
4 Մայիս 2012 - 07:36 AMT

Լույս է տեսել գրող Արամ Պաչյանի առաջին` «Ցտեսություն, Ծիտ» վեպը

Մայիսի 5-ին Երևանում, Սիրահարների այգում տեղի կունենա արձակագիր և էսսեիստ, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպի շնորհանդեսը: «Ուզում եմ հիշել Անտոնեն Արտոյի ազնիվ ու մեծ խոսքերը. «Գրում եմ համոզվելու համար, որ չեմ կարողանում գրել»: Իսկ մինչ չգրես ու չավարտես, չես կարող համոզվել: Չնայած համոզմունքները կասկածելի մետաֆորներ են, պատմվածքներիս ժողովածուից հետո վեպը ևս մեկ հնարավորություն էր համոզվելու, որ ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվում, բայց ճշմարիտ և բացառիկ ստեղծագործություն գրելու երազանքը խորն էր`զավեշտի աստիճան: Ես նարցիսիզմով չեմ տառապում, բայց վախենում եմ, որ կմոռանան ինձ: Իմ կողմից գեղագիտական չափման մեջ այդքան կարևորած աշխարհների իրականության ու երևակայության միջով էլ կուզեի հիշվել ընթերցողի կողմից, որպես վերջին կատարող: Հուսով եմ` վեպը կարդալուց հետո կլինեն մարդիկ, ովքեր հեգնանքով կժպտան ու կանցնեն, և մարդիկ` ովքեր նամակ կգրեն ինձ»,-նշում է հեղինակը:

2011-ին Արամ Պաչյանը հրատարակել է իր «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուն: Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում` 2010-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին` գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:

Արամ Պաչյանն ավելի քան մեկ տարի է նաև հեղինակային սյունակ է վարում «Հրապարակ» օրաթերթում, հոդվածներ գրում պարբերականի համար: «Իմպուլս» ռադիոկայանով (106.5) «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հաղորդաշարի հեղինակ-վարողն է: Իսկ բոլորովին վերջերս Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նա ձեռնամուխ է եղել «Գրքի երևանյան ակումբի» բացմանը: Արամը նաև գրողների և ընթերցողների շահերը պաշտպանող տարբեր հասարակական նախաձեռնությունների ակտիվ մասնակից է:

«Ցտեսություն, Ծիտ» վեպը լույս է տեսել 500 տպաքանակով և վաճառվելու է Երևանում գործող բոլոր գրախանութներում:

Այն լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ: Այս տարի գրահրատարակչությունը ձեռք է բերել նաև գրողի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի և «Վերջին կղզին» էսսեների ժողովածուի տպագրության հեղինակային իրավունքները: