AM
4 Մայիս 2012 - 09:15 AMT

Ստեփան Դեմիրճյան. Այս իշխանություններն ու արդարությունն անհամատեղելի են

«Լուսաբանման առումով այս ընտրություններում առաջընթաց կա, և դա դրական եմ համարում: Սակայն մեթոդները մնացել են նույնը»,- նախընտրական քարոզարշավի արդյունքներն ամփոփելով լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ընտրացուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Դեմրիճյանը ՀԱԿ-ի քարոզարշավը գնահատում է դրական` հատկապես այն, որ վերջին հավաքներին մասնակցել են անհամեմատ շատ թվով ՀԱԿ-ի կողմնակիցներ, որոնք եկել են իրենց կամքով «և ոչ թե որոշ ուժերի նման բերել են»:

«Հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում ընտրարշավը լայն թափ ստացավ: Կարող եմ ասել, որ արդար ընտության դեպքում ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայացուցչություն կունենա ԱԺ-ում»,- ավելացրեց ՀԺԿ նախագահը: Չնայած, անկեղծացավ, որ «այս իշխանություններն ու արդարությունն անհամատեղելի են»:

Ամբողջական գնահատականը ՀԱԿ-ը կտա խորհրդարանական ընտրություններից հետո, դա է նաև պատճառը, որ արդեն մայիսի 8-ին նրանք հանրահավաք կանեն Ազատության հրապարակում:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):