«Բարգավաճ Հայաստանի» կուսակցության (ԲՀԿ), Հայ Հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները, որոնք ընտրախախտումների միջկուսակցական շտաբի անդամներ են, սերտորեն կհամագործակցեն նաև մայիսի 6-ին ընտրատեղամասերում: Այդ մասին շտաբի նիստում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, այդ երեք ուժերը մտադիր են ստեղծել նաև շարժական խմբեր, որոնք ընտրությունների օրը կարձագանքեն խախտումների աղաղակող դեպքերին և առաջարկել է լրագրողներին ու դիտորդներին նույնպես ընդգրկվել այդ խմբերի կազմում:
Զուրաբյանը հավելել է, որ ՀԱԿ-ը մեծ հույսեր չի կապում Սահմանադրական դատարանի հետ, ասելով, որ այն կորոշի անսահմանադրական ճանաչել քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ուստի միջկուսակցական շտաբի անդամները պայմանավորվել են համատեղ գրանցել քվեարկած քաղաքացիներին: «Դա կարվի նրա համար, որ եթե պետությունը ցուցակները պահպանում է որպես պետական գաղտնիք, իսկ մենք դա համարում ենք հակասահմանադրական, մենք կբացահայտնեք այդ գաղտնիքը»,-հայտարարել է նա:
ՀԱԿ համակարգողը հավելել է, որ նրանք ամեն ինչ կանեն ապօրինի քվեարկածներին քրեական պատասխանատվության կանչելու համար:
Զուրաբյանը նաև ասել է, որ երեք քաղաքական ուժերը համատեղ կհաշվառեն քվեարկության արդյունքները:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:






