AM
4 Մայիս 2012 - 13:22 AMT

ՀՊՃՀ-ի տարածքում կբացվի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա

2012թ. մայիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն, նախարարությունը և ՀՊՃՀ-ն համալսարանի տարածքում համատեղ կստեղծեն Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա:

ԱՄՆ ՄԶԳ-ից հայտնում են, որ մասնավոր-պետական ընկերակցության շրջանակում իրենք կտրամադրեն սարքավորումներ, համակարգչային ծրագրեր ու տեխնիկական օժանդակություն, իսկ նախարարությունը կաջակցի ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողությունները և ընդարձակել հետազոտական ներուժը` զարգացնելով և ընդարձակելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները:

Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղություները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիոճարտարագիտություն և հաղորդակցության համակարգեր, կիբերնետիկա, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա և մեքենաշինություն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն` նրանց պրոֆեսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով: