AM
4 Մայիս 2012 - 13:51 AMT

ՀՀ նախագահ. Հայաստանի համար չկա այլ ճանապարհ, բացի եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցելուց

Հայաստանի համար չկա այլ ճանապարհ, բացի եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցելուց, հայտարարել է Հայաստանի նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Երևանի Կենտրոն վարչական տարածքի ընտրողների հետ հանդիպմանը: «Ես գտնում եմ, որ մենք ի սկզբանե Հայաստանը կառուցում էինք այն արժեքների հիման վրա, որոնցով ապրում է Եվրոպան»,-հայտարարել է նա:

Ըստ նախագահի, «մեր արժեքներն որոշակի փոփոխություններ են կրել, սակայն ժամանակ է վերադառնալ մեր արժեքներին»: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Ռուսաստանը եղել է, կա ու կլինի մեր ռազմավարական գործընկերը»: Նա հիշեցրել է, որ նաև ՌԴ ղեկավարությունը Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ հայտարարել է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: