AM
6 May 2012 - 21:53 AMT

Երկու հարյուր երիտասարդներ մայիսի 7-ին քայլերթով Ստեփանակերտից կշարժվեն Շուշի

Մայիսի 7-ին Արցախում տեղի կունենա երիտասարդության քայլերթ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Մոտ 200 երիտասարդներ՝ Արցախի երիտասարդական և ուսանողական միություններից, ՊԲ զինծառայողներ, կամավորականներ և վիրահայ երիտասարդներ քայլերթով Ստեփանակերտից կշարժվեն Շուշի:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, փոխնախարար Գայանե Գրիգորյանը և ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Ինչպես ասել է Նարինե Աղաբալյանը, արշավը կօգնի երիտասարդներին հաղթանակն ավելի շոշափելի զգալ և հասկանալ, թե ինչ ոգի էր պետք այն ապահովելու համար:

Արկադի Կարապետյանն իր հերթին արշավի մասնակիցներին պատմել է «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին ու վստահեցրել, որ հաղթել հաջողվել է ոգու ու կազմակերպվածության շնորհիվ:

Գայանե Գրիգորյանի խոսքով` Երիտասարդները կբաժանվեն երեք խմբերի և կշարժվեն դեպի Շուշի այն երեք ուղղություններով (արևելյան ուղղություն` Շոշ-Շուշի, կենտրոնական ուղղություն` Ստեփանակերտ-Շուշի մայրուղի և արևմտյան ուղղություն` նախկին Կրկժան-Շուշի), որով 1992թ. ազատագրվել է բերդաքաղաքը:

Գրիգորյանը նշել է, որ ամեն մի խումբ կտանի դրոշի մեկ գույնի պաստառ, որոնք կմիացվեն Շուշիի Վազգեն Սարգսյանի հրապարակում: Այնտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որից հետո էլ Ջդրդուզ կոչվող տեղամաս, որտեղ տոնական ճաշկերույթ կկազմակերպվի:

Գրիգորյանը հաղորդել է նաև, որ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար յուրաքանչյուր խմբին կուղեկցեն փրկարար ծառայության և շտապօգնության աշխատակիցները: