Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը կնշվի ողջ 2012 թ-ի ընթացքում: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, Լոս Անջելեսի հանրային գրադարանում հայ գրքի 500-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսությունը կսկսվի UCLA, USC, Getty հաստատությունների և քաղաքի հանրային գրադարանի արխիվներում պահվող նյութերի ցուցադրությամբ (այն հետագայում կշարունակվի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում)։ Միջոցառմանը կմասնակցի Գլենդելի Ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր` Միքայել Ավետիսյան),Ելույթ կունենա Երևանի մնջախաղի թատրոնը: Մի քանի ամիս շարունակ երեկոյան ժամերին ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի ճակատին կցուցադրվի Թորոս Ռոսլինի մանրանկարների լուսային շոու։
Գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում, նախատեսվում Է նաև մասնակցություն Լոս Անջելես Թայմզ թերթի կազմակերպած Գրքի ամենամյա փառատոնին՝ առանձին տաղավարով ներկայացնելով հայ գրքի անցած ճանապարհը՝ առաջին տպագրությունից մինչև թվային տարբերակները։