AM
8 Մայիս 2012 - 12:11 AMT

Չարենցի տուն-թանգարանում բացվել է Միքայել Արուտչյանի ցուցահանդեսը

Այսօր` մայիսի 8-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, Չարենցի մեծ բարեկամ, Միքայել Արուտչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված է Մ. Արուտչյանի ծննդյան 115 և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին, քանի որ նկարիչը ծնունդով Շուշիից է:

Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցադրված են Պուշկինի «Եվգենի Օնեգին», Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործությունների պատկերազարդումներ, կանացի կերպարների շարք:

Ցուցադրությունում իրենց տեղն են գտել նկարչի` 20-րդ դարի 20-60-ական թթ., թվով 40 գրաֆիկական աշխատանքներ, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցահանդեսը անցկացվում է տուն-թանգարանի տնօրինության ու Արուտչյան գերդաստանի ջանքերով` ներկայացնելով Չարենցի տուն-թանգարանի և նկարչի ընտանեկան հավաքածուները: