Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված Սաթիկ Սեյրանյանը, ով ԱԺ ընրություններում պարտվեց ՀՀԿ ներկայացուցիչ «Սաս» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին, դեռ չգիտի` արդյո՞ք կշարունակի զբաղեցնել «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
«Դեռ չեմ որոշել` ինչ եմ անելու, երբ որոշեմ, ինքս կհայտարարեմ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Նա դադարեցրել էր «168 ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած: Պարբերականը թողարկվում էր խմբագրական խորհրդի կողմից:
Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից ամենաշատ ձայները հավաքել է Արտակ Սարգսյանը` 15.381: Սաթիկ Սեյրանյանը ստացել է 3591 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը՝ 6603 ձայն, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը՝ 5278 ձայն, իսկ ինքնառաջադրված Ալեքսան Մինասյանը՝ 814 ձայն:
Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):






