AM
10 Մայիս 2012 - 08:02 AMT

Որոշ պետական թատրոններ հրաժարվել են մասնակցել Թատրոն-ԻՔՍ-ին

Որոշ պետական թատրոններ հրաժարվել են մասնակցել Թատրոն-ԻՔՍ հինգերորդ հանրապետական թատերական փառատոնին, միայն քննարկումներին չմասնակցելու համար: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի համակարգող Մարիաննա Գրիգորյանը: Նրա խոսքով, թատրոններն այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ իրենց ներկայացումները չեն համապատասխանում քննարկումների ձևաչափին:

Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը խոսելով փառատոնի առավելությունների մասին, հատուկ շեշտեց հենց ներկայացումներից հետո տեղի ունեցող քննարկումները: Նրա խոսքով, երիտասարդ թատերագետներն արդեն չեն վարանում իրենց կարծիքը հայտնել, սովորել են խոսել բաց հրապարակում, հեգնական շեշտադրումներով: Բացի այդ, երիտասարդները սովորել են լսել, նախկինում դա բացասաբար էր ընդունվում:

Խոսելով բացասական կողմերի մասին՝ Խզմալյանը նշեց, որ ունենք հրաշալի մասնագետներ, ովքեր սիրում են թատրոնը, սակայն կորցրել ենք դերասանի հետ աշխատելու կուլտուրան: Ունենք լավ դերասաններ, բայց չկա մշակված աշխատանք:

Փառատոնի բազմակի մասնակից, դերասան Երվանդ Ենգիբարյանն ուրախալի է համարում, որ երիտասարդ թատերագետները սկսել են գեղեցիկ խոսել, սակայն միայն գեղեցիկ խոսում են: Դերասանի խոսքով, այդ գեղեցիկ խոսքերի հետևում ոչինչ չկա, քանի որ նրանք չեն ասում կոնկրետ ինչ պետք է անել: Այնուամենայնիվ դերասանի կարծիքով արդեն դրական շարժ կա, և հույս ունի, որ վիճակն ավելի կբարելավվի: Այն հարցին, թե ինչ է նա ուզում՝ հաճոյախոսություն, թե հակառակը, Ենգիբարյանն ասաց, որ նախընտրում է լսել ճշմարտությունը: