AM
26 March 2003 - 17:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ»

Հայաստանում ստեղծվելու է պետական կառույց, որը պայմանականորեն կարելի է անվանել «ֆինանսական հետախուզություն»: Այս մասին «Դե-ֆակտո» գործակալությանը հայտնել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերաքննիչ-վերստուգիչ վարչության պետ Լեւոն Շահինյանը: Նրա խոսքերով` տվյալ կառույցն իր վրա կվերցնի Հայաստանում շրջանառության մեջ մտցվող կապիտալների ծագմանը վերաբերող տեղեկատվության սիստեմավորումը եւ վերլուծությունը: Այն դեպքում, երբ կապիտալի աղբյուրը կասկածի տեղիք է տալիս, համապատասխան տեղեկատվությունը կուղարկվի իրավապահ մարմիններ: