AM
10 May 2012 - 16:25 AMT

Քաղաքագետ. ՄԱԿ ԱԽ-ում խոսելով Ղարաբաղի մասին՝ Ալիևն ընդհանրապես հեռացել է նիստի թեմայից

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ամենից առաջ գրավում է նիստի թեմային այդ ելույթի անհամապատասխանությամբ»,- ասել է ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին առընթեր Հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելիցկին, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Բավական է ասել, որ ելույթ ունենալով «Ահաբեկչական հարձակումների կողմից միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքները» թեմայով նիստում, Ադրբեջանի նախագահը սահմանափակվել է ընդհանուր խոսքերով և որպես միջազգային ահաբեկչության դրսևորման միակ օրինակ բավական երկար քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը, որը բոլորովին այլ բնույթ ունի: Առանց ապացույցների հայտարարելով «Հայաստանի կողմից ահաբեկչական վտանգների մասին», Ալիևը հերթական արտահայտությունում հիշատակում է «այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հարձակումներն Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա, մասնավորապես, ջրային ամբարների և ամբարտակների, նավթատարների ցանցի վրա»: Հայաստանն ուղղակիորեն չի անվանվում դրանց մեղավորը, բայց ենթատեքստում ակնարկ է արվում այդ մասին:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը. «Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար:

Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերևս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսևորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր, էթնիկ զտումներ են կազմակերպելհայության դեմ, մի երկրի,որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջև, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները: