AM
11 Մայիս 2012 - 07:39 AMT

Հայաստանը մասնակցում է Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլի» եզրափակչին

Այսօր` մայիսի 11-ին Վիեննայում տեղի է ունենալու Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը: Ինչպես ավելի վաղ նշել էր PanARMENIAN.Net ը, Հայաստանը մրցույթում ներկայացնելու է քանոնահար Նարեկ Գազազյանը:

Գազազյանն այսօր ելույթ է ունենալու 6 համարի տակ և ներկայացնելու է Խաչատուր Ավետիսյանի Քանոնի և նվագախմբի կոնցերտը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցել են մայիսի 5-ին և 6-ին: Ի տարբերություն «Եվրատեսիլ» երգի մրցույթի, կիսաեզրափակիչ փուլերը չեն հեռարձակվում հեռուստաընկերություններով և ընտրությունը կատարում է պրոֆեսիոնալ ժյուրին:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 14 երաժիշտ, որոնցից ժյուրին ընտրել է լավագույն յոթնյակին, այդ թվում և Հայաստանի ներկայացուցչին: Մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Այն այս տարի տեղի էր ունենում Վիեննայում:

Մրցույթին մասնակցում էր Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանն ու Վրաստանը մրցույթին մասնակցում են առաջին անգամ: