AM
11 Մայիս 2012 - 10:27 AMT

«Ոսկե ծիրան 2012»-ը համալրվել է «Գիրք և կինո» ծրագրով

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կընդգրկվի նաև «Գիրք և կինո» ծրագիրը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, ծրագրի ժամանակ ցուցադրվելու են հայ և համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունների հիման վրա նկարահանած ֆիլմերը: Գաղափարը պատկանում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրա առաջարկը փառատոնի կազմակերպիչներին շատ ոգևորեց: Այն կազմակերպվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

PanARMENIAN.Net ի թղթակիցն ասուլիսից հետո զրուցեց Խաչատրյանի հետ: Նա ասաց, որ դեռ պարզ չէ, արդյո՞ք ծրագիրը կկրի մեկանգամյա բնույթ թե ոչ: Փառատոնի հիմնադրի խոսքով, այն երկար չի լինի ներկայացնել կինոսերներին, քանի որ ծրագիրը կրկնվելու միտում ունի:

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Այս տարի ստացվել է ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, կպահպանի 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կազմակերպիչները խոստանում են նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի կնշվեն Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները:

Փառատոնի ընթացքում 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:

Այս տարի փառատոնի նախագահն է լինելու հայտնի իսպանացի կինոռեժիսոր, Վիկտոր Էրիսեն, ով եղել է Կաննի 2010 թ. ժյուրիի կազմում:

Արդեն 7-րդ տարին անընդմեջ «Ոսկե ծիրանի» հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: