ՀՀ մշակույթի նախարարությունը վերականգնող ճարտարապետ կգործուղի Թբիլիսի: Նախարարության հաղորդմամբ` ճարտարապետը տեղում կծանոթանա Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները և կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Մասնագիտական կարծիքը հաշվի կառնվի ներկայացված նախագծի լրամշակման և վրացական կողմի հետ համատեղ քննարկումների ժամանակ:
Մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան փլուզվել է Թբիլիսիի Սբ.Նշան եկեղեցուն կից զանգակատունը: Փլուզման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցած երկրաշարժերն ու Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևները:
2012 թ. հունվար ամսին ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմը ս.թ. ապրիլի վերջին ՀՀ մշակույթի նախարարությանն է տրամադրել Սբ. Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագիծը` հայկական կողմի մասնագիտական կարծիքի համար: ՀՀ մշակույթի նախարարությունը Վրաստան է գործուղում վերականգնող ճարտարապետի` հաշվի առնելով նոր իրավիճակը` եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը:






