AM
15 Մայիս 2012 - 07:05 AMT

«Ժամանակ». Խաչիկ Ասրյանը` ԱԻ նախարար, իսկ Սամվել Նիկոյանը` բնապահպանությա՞ն

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում քննարկվող թիվ 1 հարցի` Հայաստանի ապագա կառավարության կազմի ձևավորման վերաբերյալ քննարկումները շարունակվում են»: ՀՀ նախագահական նստավայրի թերթի աղբյուրների փոխանցմամբ, անկախ նրանից, կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չեն լինելու մի շարք նախարարներ` կրթության և գիտության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության: «Պաշտոնանկ կարվեն նաև մի շարք մարզպետներ` Շիրակի, Կոտայքի, Սյունիքի»: Թերթի տեղեկություններով, առաջիկայում ԿԳՆ-ն տրվելու է ԲՀԿ-ին, «նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի և կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը: