AM
15 Մայիս 2012 - 08:30 AMT

Լևոն Զուրաբյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է կայացած խորհրդարանական ընտրությունները

Մայիսի 14-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները և դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Լևոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել ընտրությունների ընթացքում կատարված` պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը: Զուրաբյանը նաև տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ է տարել իշխող ՀՀԿ-ն, որը հավաքել է 44.02 տոկոս: Երկրորդ տեղում է կոալիցիոն ԲՀԿ-ն` 30.12 տոկոսով, երրորդում` ընդդիմադիր ՀԱԿ-ը` 7.08 տոկոսով: Նոր խորհրդարան են մտել ընդդիմադիր «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունները, 5.76-ական տոկոս, ինչպես նաև կոլաիցիոն երրորդ կուսակցությունը` ՕԵԿ-ը` 5.51 տոկոսով: ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում նվաճել էխորհրդարանական մեծամասնություն` 131 տեղից 69-ը, ընդ որում` 40 համամասնական և 29 մեծամասնական: ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ` 28 համամասնական և 9 մեծամասնական, ՀԱԿ-ը` 7: ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը` 6-ական, իսկ «Ժառանգությունը»` 5: