AM
15 Մայիս 2012 - 10:57 AMT

Արթուր Պողոսյան. Կազազյանի հաջող ելույթը մեր մանկավարժական դպրոցի հաղթանակն է

Քանոնահար Նարեկ Կազազյանի երրորդ տեղը Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթում առաջին հերթին Հայաստանի մանկավարժական դպրոցի հաղթանակն է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Պողոսյանն ասուլիսի ընթացքում շնորհակալագրեր հանձնեց այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են Կազազյանի` մրցույթում ելույթի համար:

Կազազյանը, ով պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, մեծ տպավորություն է թողել բոլորի վրա, համեստորեն նշեց, որ իր համար մեծ պատիվ էր նվագել Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Քանոնահարն առաջարկ է ստացել ելույթ ունենալ Լեհաստանում, սակայն կոնկրետ ժամանակահատված չնշեց: Բացի այդ, նա ստացել է Վիեննայում 1200 եվրոյին համարժեք վարպետության դաս ստանալու վկայական:

Մայիսի 11-ին Վիեննայում տեղի ունեցավ Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրեց երրորդ տեղը: Առաջին մրցանակին արժանացավ ալտահար Էյվինդ Հոլցմարկ Ռինգշտադը Նորվեգիայից: Երկրորդ մրցանակին արժանացավ Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 14 երաժիշտ, որոնցից ժյուրին ընտրել է լավագույն յոթնյակին, այդ թվում և Հայաստանի ներկայացուցչին: Մրցույթն անցկացվում է 1982 թ-ից երկու տարին մեկ անգամ: Այն այս տարի տեղի էր ունենում Վիեննայում:

Մրցույթին մասնակցում էր Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան,Հունաստանը, Նիդեռլանդները,Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանն ու Վրաստանը մրցույթին մասնակցում էին առաջին անգամ: