AM
15 Մայիս 2012 - 13:16 AMT

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը

Մայիսի 19-ին` Թանգարանային գիշեր 2012-ի օրը Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» խորագրով նոր ցուցահանդեսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժմի համակարգող Լիլիթ Սոխակյանը:

Սոխակյանի խոսքով, ցուցադրությանը հայ արվեստասերների դատին կհանձնվեն Պողոս Հայթայանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Օշին Եղիազարյանի անձնական հավաքածուների լավագույն նմուշները:

Բացի այդ, Կասկադի պարտեզում, Ջի Յոնգ Հոի կերտած առյուծի քանդակի կողքը կբացվի ևս մեկը, սակայն մեր զրուցակիցը չնշեց քանդակի հեղինակին և անունը, թողնելով այն անակնկալ:

Նույն օրն արվեստի կենտրոնը կներկայացնի իր հայալեզու կայքը: Թանգարանային գիշեր 2012-ն անցկացվելու է մայիսի 19-ին: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից: