ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 21-27-ը հանրապետության քաղաքներում ու մարզերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա» կապակցությամբ կիրականացվեն բազմաբնույթ նպատակային ծրագրեր: Ինչպես նշվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում, «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» խթան կհանդիսանա մշակութային կրթության ու գեղագիտական դաստիարակության համար, ինչպես նաև մեկ անգամ ևս հնարավորություն կընձեռի գնահատելու սեփական մշակութային արժեքները, հաղորդակից դառնալու համաշխարհային մշակութային ժառանգությանը և նոր սերնդին նախապատրաստելու միջազգային մշակութային գործընթացներին:
Այս կապակցությամբ Հայաստանում տեղի են ունենալու Մանկական աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ և տոնական համերգ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում հանրապետության երաժշտական կրթօջախներին, ՀՀ մշակույթի նախարարության «Շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկում» ընդգրկված երեխաների համերգ և գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես մարզերում, ՀՀ մարզերի շնորհալի երեխաների համերգ և այլն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:






